ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՍԱՂՄՈՍԱՐԱն

ՍԱՂՄՈՍԱՐԱն
03.11.2009 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՍԱՂՄՈՍՆԵՐԻՑ
Անզգամն ասաց իր սրտում, թե` չկա Աստված.
ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրինության մեջ,
և չկա մեկը, որ բարություն գործի։
Տերը երկնքից նայեց բոլոր մարդկանց`
տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։
Բոլորը խոտորվեցին, միասին անպիտան դարձան.
բարություն անող չկա, ոչ իսկ մեկ հոգի (Սաղմոս 13.1-3)։

Տե՛ր, ո՞վ պիտի ապրի Քո վրանում,
կամ ո՞վ պիտի բնակվի Քո սուրբ լեռան վրա.
նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում,
ճշմարտություն խոսում իր սրտում։
Ով չի նենգել իր լեզվով և ընկերոջը վատություն չի արել,
մերձավորներից նախատինք նա չի ստանում,
և չարագործն անարգված է նրա աչքում։
Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկյուղ ունեն Տիրոջից,
երդվում է իր բարեկամին և երդումն իր չի դրժում։
Իր արծաթը վաշխով չի տալիս, իրավունքի դեմ կաշառք չի վերցնում։
Ով անում է այս, նա հավիտյան չի սասանվի (Սաղմոս 14)։

Երանի այն մարդուն, ով վախենում է Տիրոջից,
և խիստ կամեցող է Նրա պատվիրաններին։
Նրա սերունդը հզոր կլինի երկրի վրա,
և ուղղամիտների ազգը կօրհնվի։
Փառք և հարստություն կլինի նրա տան մեջ,
նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից։
Արդարների համար լույս ծագեց խավարում.
ողորմած, գթասիրտ, արդար է Տերը։
Բարի մարդը ողորմած է և փոխ է տալիս,
խոսքն իր կատարում արդարությամբ,
որպեսզի հավետ նա չսասանվի,
հավիտյան մնա հիշատակն արդարի։
Չար լուրից նա չի վախենում,
նրա սիրտը պատրաստ է հույս դնելու Աստծու վրա։
Հաստատուն է սիրտը նրա և չի սոսկա,
մինչև իր թշնամիների վերջը չտեսնի։
Բաժանեց նա և տվեց աղքատներին.
նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից,
և նրա եղջյուրը բարձր կլինի փառքով։
Մեղավորը, տեսնելով, կբարկանա,
կկրճտացնի ատամներն իր ու հալումաշ կլինի,
և մեղավորների ցանկությունը կկորչի (Սաղմ. 111)։

Անհատական աղոթքների շարքում բոլոր Եկեղեցիներում, այդ թվում նաև` հայ ծիսարանում, առանձին խումբ են կազմում ապաշխարության սաղմոսները (Զ, ԼԱ, ԼԵ, Ծ, ՃԱ, ՃԻԹ և ՃԽԲ), քանզի գործած մեղքերի համար վիշտ ու զղջում են պարունակում։
Ողորմեա՛ ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան Քում.
ըստ բազում գթութեան Քում ջնջեա՛ զանօրէնութիւնս իմ։
Առավել լուա՛ զիս յանօրէնութենէ իմմէ,
եւ ի մեղաց իմոց սուրբ արա զիս։
Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ,
եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ։
Քեզ միայն մեղայ, Տեր, եւ չար առաջի Քո արարի...
Սիրտ սուրբ հաստատեա յիս Աստուած,
եւ հոգի ուղիղ նորոգեա ի փորի իմում։
Մի՛ ընկենուր զիս, Տեր, յերեսաց,
եւ զհոգի Քո սուրբ մի՛ հաներ յինէն։
Տո՛ւր ինձ ցնծութիւն փրկութեան,
հոգւով պետութեամբ Քով հաստատեա զիս։
Ուսուցից անօրինաց զճանապարհս Քո,
եւ ամբարիշտք առ Քեզ դարձցին։
Փրկեա՛ զիս յարենէ Աստուա՛ծ, Աստուած փրկութեան իմոյ.
ցնծասցէ լեզու իմ յարդարութեան Քում։
Տեր, եթէ զշրթունս իմ բանաս,
բերան իմ երգեսցէ զօրհնութիւունս Քո (Սաղմոս Ծ` հատվածներ ըստ գրաբար բնագրի)։

Երանի նրան, ում մեղքերին թողություն տրվեց
և ում բոլոր հանցանքները ծածկվեցին։
Երանի այն մարդուն, որին Տերն այլևս մեղավոր չի համարում,
և որի բերանում նենգություն չկա։
Ես լռեցի, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին`
ամեն օր գիշեր-ցերեկ Տիրոջը կանչելուց։
Քո ձեռքը ծանրացավ ինձ վրա.
ես կրկին ընկա թշվառության մեջ,
քանզի փշերն ինձ ծակեցին։
Մեղքերս Քեզ ցույց կտամ,
և անօրենությունս չեմ ծածկի Քեզնից։
Ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ,
և Դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարիշտությանը։
Դրա համար բոլոր սրբերը
հարմար ժամին աղոթքի կկանգնեն Քո առջև,
և սաստիկ ջրհեղեղների ժամանակ
նրանց ոչինչ չի պատահի...
Շատ են մեղավորների տանջանքները,
բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա,
Տիրոջ ողորմությունը կպարուրի նրանց։
ՈՒրա՛խ եղեք և ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ.
պարծեցե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով (Սաղմոս ԼԱ)։

ՄԵՍԻԱԿԱՆ ՍԱՂՄՈՍՆԵՐ
Մեսիական կոչվող սաղմոսները բովանդակում են նորկտակարանյան ժամանակներին և առավելապես Հիսուս Քրիստոսին վերաբերող մարգարեությունները: Սրանք ինքնուրույն խումբ չեն կազմում. մեսիական բնույթի սաղմոսները հատուկ են բոլոր խմբերին: Մեսիական են համարվում հետևյալ 23 սաղմոսները. Բ, Ը, ԺԵ, ԺԹ, ԻԱ, ԼԹ, Խ, ԽԴ, ԽԶ, Ծ, ԿԷ, ԿԸ, ՀԱ, ՀԷ, ՁԸ, ՂԴ, ՂԶ, ՃԱ, ՃԹ, ՃԺԷ-ՃԺԸ, ՃԻԹ, ՃԼԱ, ՃԽԲ, որոնք ապագա ժամանակները պատկերելու եղանակներով բաժանվում են երկու տեսակի՝ մարգարեական և նախատիպային: Երբ սաղմոսերգուն ապագան պատկերում է հայտնության պարզ շարադրանքով՝ շնորհված հեղինակին հայտնի պատմական անցքերի առիթով, այդպիսի սաղմոսները կոչվում են մարգարեական, իսկ երբ ապագայի իրադարձությունները հեղինակը շարադրում է արդեն կատարված անցքերի պատմական գծերով, ապա այդպիսիք կոչվում են նախատիպային: Օրինակ՝ ՃԹ սաղմոսը նկարագրում է Աստծու Որդու ապագա համաշխարհային տիրապետությունը, իսկ նման նկարագրության առիթ է հանդիսացել Դավթի փայլուն հաղթանակներից հետո նրան շնորհված հայտնությունը: Հետևաբար, այս սաղմոսը մարգարեական է: Իսկ երբ բուն պատմական փաստը, ինչպես, օրինակ, հրեաների՝ Կարմիր ծովով անցման ժամանակ մանկահասակ ու ծծկեր երեխաների շուրթերից ելած փառաբանությունն առ Աստված, պարունակում է ապագա իրադարձությունների ճշգրիտ վերարտադրությունը (Երուսաղեմ մտնելու ժամանակ մանկահասակ երեխաները նույն ձևով փառաբանում էին Քրիստոսին), ապա այդպիսի սաղմոսները կոչվում են նախատիպային:
Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր Իմ աջ կողմում,
մինչև որ Քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ»։
Տերը Քեզ իշխանության գավազան կուղարկի Սիոնից,
և դու կիշխես Քո թշնամիների մեջ։
Քեզնով է սկսվում զորացումն Իմ օրերի,
Քո սրբերի վայելչությամբ.
Քեզ արշալույսից առաջ ծնեցի արգանդից։
Երդվեց Տերը և չի զղջա,
որ Դու հավիտենական քահանա ես
ըստ Մելքիսեդեկի կարգի։
Եվ Տերը, որ Քո աջ կողմում է,
բարկության օրը կկործանի թագավորներին։

Եվ երբ փարիսեցիները հավաքվեցին, Հիսուսը նրանց հարցրեց ու ասաց. «Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան ասացին` Դավթի։ Հիսուսը նրանց ասաց. «Իսկ Դավիթն ինչպե՞ս Նրան Սուրբ Հոգով կոչում է Տեր և ասում է. «Տերն իմ Տիրոջն ասաց` նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ Քո թշնամիներին դնեմ Քո ոտքերի տակ իբրև պատվանդան»։ Իսկ եթե Դավիթը Նրան Տեր է կոչում, ինչպե՞ս նրա որդին կլինի»։ Եվ ոչ ոք Նրան մի բառ պատասխան չկարողացավ տալ (Մատթ. 22.41-46)։

ՍԱՂՄՈՍԱՐԱՆԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ
Ն. Ք. երրորդ դարի կեսերին սաղմոսների եբրայական տեքստը թարգմանվում է հունարեն (այս թարգմանությունը, որ Յոթանասնից է կոչվում, նախատեսված էր հրեական սփյուռքի համար): Սաղմոսարանը զետեղվում է «Հոբի» և «Մարգարեների» գրքերի միջև և ներառում մեկ լրացուցիչ սաղմոս (ՃԾԱ): Այս թարգմանության համարակալումը չէր համապատասխանում մասսորական եբրայերեն բնագրի համարակալմանը: Եբրայերեն բնագրի մի սաղմոս բաժանվում է երկու սաղմոսների: Սա կրկնվում է երկու անգամ (ՃԺԴ և ՃԺԵ ու ՃԽԶ և ՃԽԷ): Եվ հակառակը, երկու անգամ եբրայական սաղմոսարանի երկու սաղմոսներ ընդգրկվում են մի սաղմոսի մեջ՝ ըստ Յոթանասնից թարգմանության (Թա և Թբ ու ՃԺԳա և ՃԺԳբ): Այս տարբերությունները ներկայացված են ներքոբերյալ աղյուսակում.
Եբրայական տեքստ Հունական, լատինական և հայկական տեքստեր
Ա-Ը Ա-Ը
Թ և Ժ Թ
ԺԱ-ՃԺԳ Ժ-ՃԺԲ
ՃԺԴ և ՃԺԵ ՃԺԳ
ՃԺԶ ՃԺԴ-ՃԺԵ
ՃԺԷ-ՃԽԶ ՃԺԶ-ՃԽԵ
ՃԽԷ ՃԽԶ և ՃԽԷ
ՃԽԸ-ՃԾ ՃԽԸ-ՃԾ
Եբրայական ժողովածուի որոշ սաղմոսներ խորագրված չեն: Յոթանասնից թարգմանությունը նրանց վրա հավելում է նոր ներածություններ. 84 սաղմոս վերագրվում է Դավթին, մյուսները՝ տարբեր հեղինակների՝ Երեմիային, Եզեկիելին, Զաքարիային, Անգեին, Հոնադաբի որդիներին: Երբեմն սրանց կցվում են տեղեկություններ, որոնք ոչինչ չեն հաղորդում սաղմոսների ստեղծման պարագաների մասին: Յոթանասնիցի թարգմանիչները յուրովի են մեկնում եբրայական խորագրերի խորհրդավոր նշանակությունները: Իսկ ինչ վերաբերում է նրանց թարգմանությանը, ապա այն, թվում է, ավելի ճշգրիտ է, քան եբրայական բնագիրը: Յոթանասնիցը մինչ օրս Հունական Եկեղեցիների և Արևելյան Եկեղեցիների ընկալյալ բնագիրն է։
Իսրայելն իր բովանդակ պատմության ընթացքում՝ ազգային կամ հոգևոր տոների առիթով, տանը թե հասարակաց ծեսերում, երբեք չի դադարել սաղմոսներն ընթերցելուց, երգելուց, ուսումնասիրելուց ու մտահայելուց:
Ինչ վերաբերում է Նոր Կտակարանին, ապա սաղմոսները զգալի տեղ են գրավում նրա էջերում. վկայակոչումները գերազանցում են հարյուրը: Հիսուսն անձամբ վկայակոչում է ՃԹ սաղմոսը (Մատթ. ԻԲ 41-46)՝ հապացույց Իր մեսիական վեհ առաքելության: Բացի այդ, Նա իր աշակերտների հետ կարդացել է «ալելուիական» օրհներգությունները, որով ավարտվում է զատկական ընթրիքը (Մատթ. ԻԶ 30): Խաչելության պահին Նա արտասանում է ԻԱ սաղմոսի սկիզբը (Մատթ. ԻԷ 46), իսկ հոգին ավանդելիս՝ Լ սաղմոսի համարներից (Ղուկ. ԻԳ 46): Առաջին քրիստոնյաները սովորաբար կարդում ու երգում էին սաղմոսները (Ա Կորնթ. ԺԴ 26, Եփես. Ե 19, Կողոս. Գ 16 և Հակ. Ե 13): Այս սովորությունը սկզբից ևեթ ընդգրկվում է պաշտամունքի և պաշտոնական ծիսակատարության մեջ:
Հավատացյալները՝ հրեաները և բոլոր հարանվանությունների քրիստոնյաները, սերնդից սերունդ իրենց աղոթական կյանքում առաջնորդվում են սաղմոսներով: Եկեղեցու հայրերի ժամանակներից ի վեր այս սուրբգրային բնագրերը կյանքի են կոչել բազում քարոզներ, բացատրություններ, ոգևորել անհատական և հավաքական բարեպաշտությունը, դրդել վարդապետներին՝ խորասուզվել ու զանազան մեկնողական ուսումնասիրությունների մեջ:
Սաղմոսարանը, սակայն, մեզ պատրաստի աղոթքներ չի հրամցնում, այլ մղում է ստեղծելու մեր աղոթքները և մեզ առատորեն մատակարարում «Նոր օրհներգություններ»:
Տպագրության պատրաստեց
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 6185

Մեկնաբանություններ